«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռավար զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նարինե Մաթևոսյանը նրան հարցրել է. «Վերջին աղմկահարույց հրաժարականների ֆոնին մի տեսակ տարբերվող էր Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Որպես Հայաստանի աղավաղված դատական համակարգից առ այսօր տուժող անձ՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրա գործունեությանն ու հրաժարականին»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Նրա խայտառակ գործունեությունը ԲԴԽ ղեկավարի պաշտոնին շատ է քննարկվել և քննադատվել։ Ի դեպ, այդ պաշտոնանկություններից հետո ականատես եղանք նաև ոմանց կողմից «ընկած եզներին դանակահարողների» ֆենոմենին, ինչը մշտապես տհաճ երևույթ է. բան ունեիք ասելու, ասեիք նրանց վերելքի, ոչ թե անկման ժամանակ։
Իսկ Կարեն Անդրեասյանին ուզում եմ շատ անկեղծ շնորհակալություն հայտնել իր՝ նման հրաժարականի և նման «հրաժեշտի» խոսքի համար, քանզի դժվար է պատկերացնել, թե ոնց կարելի էր էլ ավելի շքեղ, փառահեղ և «անմեղ» կերպով տրաքացնել Հայաստանում «արդար և անկախ դատական համակարգի» փուչիկը։
Անդրեասյանի հրաժարականը հաստատեց ոչ միայն ընդդիմադիր գործիչների և մամուլի հարյուրավոր պնդումներն ու բացահայտումներն այս առնչությամբ, այլև բացահայտեց դատական համակարգի խայտառակությունների վրա համառորեն աչք, ականջ և բերան փակող դեսպանների ցինիկ երկդիմությունը։ Մնում է՝ այս փաստը չմոռացվի, չկորչի տեղեկատվական աղմուկի մեջ և ամեն պատեհ առիթներով մշտապես մտցվի «ժողովրդավարության վետերոկում» կերուխումի եկած «ֆիրմաչների» ջուխտ աչքերը»։