00:00:00

Բացի ռուս խաղաղպահներից որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան

12:24, 10 հունվար 2023 Տեսանյութեր

Իմ գնահատմամբ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին, ԼՂ ժողովրդին, ԼՂ հայությանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, եւ սա է ամենակարեւոր կոնտեքստը, որը մենք պետք է հաշվի առնենք: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, մենք կարծում ենք՝ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ  ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, թե Հայաստանը Ռուսաստանի առջեւ վերջնագիր է դրել, որ եթե մինչեւ հունվարի 10-ը Լաչինի միջանցքը չբացվի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել. Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն ասվել է, եւ մեծ հաշվով ավելացնելու բան չկա: Նաեւ հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»:

Վարչապետը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի եւ Ռուսաստանի վրա: 6-րդ կետում Հայաստանի վերաբերյալ որեւէ ձեւակերպում չկա: «Այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, եւ այս գործընթացում եւ ընդհանրապես բոլոր գործընթացներում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող եւ հարցին վմոտենում ենք այս տրամաբանությամբ»,-ասաց նա:

 

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022-ին ՀՀ-ն ԼՂ-ին աննախադեպ ծավալի, ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել. «Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ԼՂ մեր հայրենակիցներին: Հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետի գլխավորությամբ ձեւավորված է աշխատանքային խումբ:

Գիտեք, որ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում ենք հարցը բարձրացրել եւ այն շարունակում է մնալ ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում: Իհարկե, ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ էլ ես դիրքորոշումներ արտահայտել եմ: Պետք է եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Դա հստակ ձեւակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,-ընդգծեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել. «Բայց ես նաեւ ուզում եմ տեղյակ լինեք, որ Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարները այդ մանդատը ստորագրել են: Այդ փաստաթղթում չկա որեւէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո: Համենայնդեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը գոյություն ունի:

Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա: Այստեղ խոսքը նաեւ Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետեւ միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները պետք է կատարվեն:

Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարությամբ սահմանված ինչ-որ պարտավորություններ չի կատարել: Դա բացարձակապես մտացածին է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ նկատեց, որ ի հեճուկս նրա, որ եռակողմ հայտարարությունում նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ եւ հարակից շրջաններ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը, բայց մինչեւ հիմա ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել. «Էլ չեմ ասում Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք մինչ օրս որեւէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ; իրենց տները»,-հավելեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր