Անցնող տարին հագեցած էր աշխատանքով և իրականացված բազմաթիվ ծրագրերով` ուսումնական, կլինիկական, գիտական և միջազգային ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Որպես 2022թ. գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ դեկտեմբերի 28-ին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստում նշեցի Աբովյան 50/5 հասցեում տեղակայված շինության ձեռքբերումը, որն արդեն կիրառվում է որպես համալսարանական տարածք` միջազգային մասնաշենք։
Բժշկական բուհում այսօր կրթություն է ստանում 5481 ուսանող, որից 1581-ն օտարերկրացի է։ Ամփոփիչ ատեստավորումը հաջողել է ուսանողների 88 տոկոսը։
Այս տարի բժշկական կրթություն ստանալու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիների ընդունելության թիվն աննախադեպ է՝ 580։
Առհասարակ օտարերկրացիներին վերաբերող հարցերը բուհի ընթացիկ աշխատանքների և համալսարանական կամպուսի ստեղծման գաղափարախոսության կենտրոնում են։
Դրա վառ ապացույցը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի տարածքում ձևավորված ուսանողական հանրակացարանային տարածքն է, որն արդեն դեկտեմբերի 1-ից ընդունել է շրիլանկացի ապագա բժիշկներին։
Հանրակացարանային ֆոնդի ընդլայնումն օրակարգային հարց էր, որի լուծման ուղղությամբ բուհը ծախսարդյունավետ որոշում է կայացրել:
Անդրադարձ կատարեցի նաև համալսարանի դասախոսների կողմից հրատարակված ուսումնական գրականության ցանկին` ընդգծելով, որ կարևոր հարցերից է համալսարանի գրադարանային ֆոնդի բարելավումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։
Խոսեցի արհեստական բանականության գործիքի ներդրման մասին բժշկական կրթության գործընթացում։
Կարևոր ձեռքբերումներից է 2023թ. միջազգային հավատարմագրման համար ԵՊԲՀ-ի դիմումը Բժշկական կրթության համաշխարհայի ֆեդերացիային (WFME):
Անդրադարձա ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշներին, ներկայացրի համեմատական նկարագիրը:
Իրականացվող լրացուցիչ կրթական ծրագրերը Կարիերայի կենտրոնի հետ նույնպես ծառայել են նպատակին: Դրանց թվում են մասնագիտական կողմնորոշման, բարեվարքության, այլ թեմատիկայի դասընթացները:
Գիտական գլխավոր ձեռքբերումը 1000 քմ գրասենյակային և լաբորատոր տարածք զբաղեցնող և այս տարվա մարտին բացված ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնն է: Խոսեցի կենտրոնում իրականացվող դրամաշնորհների, Web of science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող հետազոտական հոդվածների մասին:
Բուհում անցնող տարում ստեղծված «Հերացի» վերլուծականը շարունակում է իրականացնել իրազեկման և հանրային կարծիք ձևավորելու աշխատանքներ` հանրությանը հետաքրրքող ամենատարբեր առողջապահական արդի հարցերի շուրջ:
ԵՊԲՀ-ն գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ նաև հանրապետության խոշորագույն պետական բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիրն է` 593 մահճակալ և 1406 աշխատակից ունեցող:
Հանգամանալից անդրադարձա «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների դիմելությանը, ձեռքբերումներին, նյութատեխնիկական հագեցվածությանը:
Նշեցի, որ վճարովի ծառայությունները համալսարանական բուժհաստատություններում աճել են հանրագումարում 20 տոկոսով:
«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրով, այլ ոչ տոնակատարություններով բուհը նշեց մեկդարյա հոբելյանը:
Շինարարական աշխատանքները նույնպես 2022 թվականին լայն թափով են իրականացվել: Կատարված բարեփոխումներն էլ տեսանելի են ուսանողների համար, դրանցից մեկը լաբորատոր մասնաշենքի` դեպի համալսարանի բակ առանձին մուտքի ստեղծումն է:
«Վերադարձ» ծրագրով բժշկական համալսարանում շարունակում են բացվել անվանի բժիշկ-գիտնականների անուններով լսարաններ, դրանցից մեկը 6-րդ լսարանն է, որը կրում է պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անունը:
Պատասխանեցի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին»: