00:00:00

Վրաստանում պատգամավորները բոյկոտել են արդարադատության նախարարի ելույթը՝ Սաակաշվիլիի մասնակցությամբ տեսանյութի պատճառով

11:59, 16 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավորները լքել են խորհրդարանի լիագումար նիստն այն բանից հետո, երբ դահլիճ է եկել երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ ելույթ ունենալու։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Պատգամավորները նախարարին դիմավորել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Վիվամեդ» կլինիկայում  արված լուսանկարներով և «Մի՛ սպանեք» մակագրությամբ պաստառներով։ Նրանք նաև «հանցագործություն» են որակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Վիվամեդ» կլինիկայի հիվանդասենյակի տեսագրության հրապարակումը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ընդդիմությունը շահարկում է Սահակաշվիլիի առողջական վիճակը։ Ինքը՝ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, պատգամավորների գործողություններն անվանել է «խղճուկ ու վիրավորական տեսարան»։

Նախօրեին խորհրդարանի մի քանի պատգամավոր հացադուլ է սկսել՝ Սաակաշվիլիին բուժման համար արտասահմանյան կլինիկա տեղափոխելու պահանջով։ Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել էր, որ դատական հայց կներկայացնի արդարադատության նախարարի և Հատուկ քրեակատարողական ծառայության դեմ՝ առանց թույլտվության տեսահսկման տեսախցիկներից տեսագրություններ տարածելու համար։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները տեսանյութ են հրապարակել այն կլինիկայից, որտեղ բուժվում է Սաակաշվիլին: Վրաստանի քրեակատարողական ծառայության հրապարակած կադրերը, ըստ գերատեսչության, ցույց են տալիս, որ Միխեիլ Սաակաշվիլին հիվանդ է ձևանում և փորձում է մոլորեցնել հանրությանը։ 

Սակայն Սաակաշվիլիի փաստաբաններն ու իրավապաշտպանները պնդում են, որ 2021 թվականին կալանավորումից հետո Վրաստանի նախկին նախագահի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է։ Թբիլիսիի քաղաքային դատարանում լսումները շարունակվում են. Սաակաշվիլիի թիմը պահանջում է ազատ արձակել կամ հետաձգել դատավարությունը, որպեսզի Սաակաշվիլին կարողանա բուժում ստանալ արտերկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր