ԵՄ-ն ապացույցներ է փնտրում, որ ձեռնարկությունները ինֆլյացիայի նվազեցման մասին ԱՄՆ օրենքի պատճառով հետ են կանչում բլոկից ներդրումները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փաստաթուղթը։
Այս շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահն արձագանք է խնդրել անդամ պետություններից՝ 430 միլիարդ դոլարի չափով օրենքի հետ կապված մտավախությունների ֆոնին, որը սպառողներին հարկային արտոնություններ է տրամադրում ԱՄՆ-ում արտադրված էլեկտրամոբիլների եւ այլ էկոլոգիապես մաքուր ապրանքների գնման համար:
Գերմանիան, Ֆրանսիան եւ մի շարք այլ երկրներ ենթադրել են, որ ԱՄՆ օրենքը կարող է անբարենպաստ լինել Եվրամիության ընկերությունների համար եւ խրախուսել ձեռնարկություններին տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
«Դուք ունե՞ք օրինակներ, որ երրորդ երկրների իրավասություններում պետական աջակցության հասանելիությունը հանգեցրել է կամ կհանգեցնի ներդրումների տեղաշարժի ռազմավարական հատվածներում՝ ԵՄ-ի՝ «կանաչ» տնտեսությանը անցնելու համար»,-ասվում է ԵՄ 27 երկրներին ուղարկված փաստաթղթում։
Հարց է ուղղվում նաեւ, թե արդյոք անհրաժեշտ է թուլացնել պետական օգնության կանոնները, որպեսզի ավելի մեծ աջակցություն ցուցաբերվի բլոկի բնապահպանական նպատակների համար։
Նիդեռլանդները եւ այլ երկրներ, ինչպես նաեւ հանձնաժողովի որոշ անդամներ հրաժարվել են եվրոպական ընկերություններին լրացուցիչ միլիարդավոր եվրոներ ուղարկելու գաղափարից, որպեսզի փոխհատուցեն համավարակի եւ Ուկրաինայում պատերազմի հետեւանքները: