Երեկ` դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Մովսես Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 81-ամյա Օլգա Ա-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե պատին։
Օպերատիվորեն ժամանած «Ապարան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ապարան» ԲԿ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։