Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։40-ի սահմաններում Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Դիլիջան» ԲԿ», ապա ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժիշկների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վրաերթի ենթարկվածը մոտ 60 տարեկան կին է, ով ուշ թե շուտ, ցավոք, նման փաստի առաջ էր կանգնեցնելու վարորդներին, քանի որ նրան հաճախակի էին տեսնում, երբեմն նույնիսկ՝ գինովցած, ճանապարհը անցնելով ու վտանգավոր իրավիճակներ ստեղծելով վարորդների համար:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Դիլիջան քաղաքի բնակիչ է, 20-25 տարեկան տղամարդ: