00:00:00

Ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը. Էդմոն Մարուքյան

14:52, 30 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից վերջնական խորհրդարանական համակարգի չի անցել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եվ հիմա քննարկում ենք, թե արդյոք ճիշտ է հետ գնալ կիսանախագահական կամ նախագահական համակարգին, երբ դեռ ամբողջությամբ չենք էլ իրացրել խորհրդարանական համակարգի մոդելը: Այդ իմաստով, քանի որ ես այստեղ ներկայացնում եմ նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  ուզում եմ ասել, որ մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք եվրոպական մոդելի պետության ջատագով ուժ ենք եւ միշտ ասել ենք, որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր պարագայում լավ օրինակ լինել ժողովրդավարության իմաստով ներառական կառավարման համակարգ ունենալու իմաստով, եւ այդ համակարգում որեւէ ուժի չմարգինալացնելու, «հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ» սկզբունքը մերժելով փորձել համախմբել երկրի բոլոր կարող ուժերը:

Հիմա պետք է խորհրդարանական կառավարումն ամբողջացնել եւ այն թերությունները, որոնք նպատակային թողնվել են գործող Սահմանադրության մեջ, որ խորչհրդարանը լինի հնարավորինս անատամ, հնարավորություն չլինի հակակշիռների, փոխզսպումների մեխանիզմների, դա փոխել, շտկել եւ ունենալ ռեալ գործող խորհրդարանական համակարգ: Այդ իմաստով, ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը»,-հայտարարեց Մարուքյանը:

Անդրադառնալով գործող Սահմանադրության բացեին, նա  ասաց. «Խորհրդարանական խմբակցությունը առաջին փուլում կարող է առաջադրել  վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Ինչի՞ համար, մեկը կարո՞ղ է այդ հարցին պատասխանել: Այլ բան ասեմ. Քաղաքական կամքի իրացման համատեքստում խորհրդարանի փոքրամասնությունն ընդդիմանում է մեծամասնության կողմից տարվող որեւէ նախագծի, որը դառնում է օրենք, սակայն դրանից հետո հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմի համատեքստում ՍԴ դիմելու իրավունք չունի»:

Մարուքյանը հայտարարեց, որ ներկայացնելով «Լուսավոր Հայասդտան» կուսակցությունը, քվեարկելու է խորհրդարանական համակարգի պահպանման օգտին. «Երբ քննարկենք նախագահի  մասը, այդտեղ էլ հարցեր ունենք, նմանատիպ նախագահի ինտիտուտ պահելու իմաստը տեսնում ենք, թե ոչ եւ անցնենք խորհրդարանի ուժեղացման գործին»,-իր խոսքն ամփոփեց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր