ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Մինսկի դիրքորոշումը արմատական փոփոխությունների չի ենթարկվել․ Բելառուսը հանդես է գալիս բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, Հայաստանում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, հայտնում է БелТА գործակալությունը։
«Արմատապես ոչինչ չի փոխվել։ Մենք միշտ ենք հանդես եկել բոլոր վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու օգտին։ Նրա օգտին, որ եթե կազմակերպություն է ստեղծվում, ուրեմն այն պետք է արդյունավետ գործի»,- ասել է Մակեյը։
Բելառուսի ԱԳ նախարարը չի համաձայնել այն գնահատականներին, թե ՀԱՊԿ-ը ճգնաժամում է:
«Ցանկացած կազմակերպություն, հավանաբար, ենթակա է որոշակի ճգնաժամերի՝ պայմանավորված միջազգային զարգացումներով, այս կամ այն տարածաշրջանում իրավիճակով։ Ես չէի ասի, որ ՀԱՊԿ-ը ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում, բայց կան որոշ խնդրահարույց հարցեր, որոնց շուրջ մենք պետք է անկեղծ խոսենք»,- ասել է Բելառուսի արտգործնախարարը։