Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր և գործիքակազմ` ֆիզիկական անձանց եկամուտների և դրանցից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններն ինքնուրույնաբար կատարելու համար:
«Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունենալու է նույնականացված հաշիվ՝ հայտարարագրերի համակարգում: Հայտարարատուն, հարկային մարմնի կողմից տրամադրված նույնականացման տվյալներով մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, հնարավորություն ունի այնտեղ իր համար նախալրացված հայտարարագիրը ստուգելու, անհրաժեշտության դեպքում կատարելու փոփոխություններ և լրացումներ, ապա հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։