Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) երկրների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Գանձապետարանի ու ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթը։
Ինչպես հայտնում են թուրքական պաշտոնական աղբյուրենրը, հանդիպմանը քննարկվել են առևտրային և անվտանգային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Բայդենը նաև իր ցավակցություն է հայտնել Էրդողանին օրերս Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ մասնավորապես ռուս-ուկրաինական ճգնաժամին, Բայդենը շնորհակալությունն է հայտնել հացահատիկային միջանցքի շուրջ առաջացած խնդրի լուծման օգտին Էրդողանի ցուցաբերած ջանքերի համար։
Իսկ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին Բայդենը նշել է, որ աջակցում է այդ գործընթացին։ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում էլ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիային անվանել կարևոր դերակատար։
Հիշեցնենք, որ Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում հացահատիկային միջանցքի և թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ։