Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա, ի դեպ, այսօր է ստանձնել պատգամավորական մանդատը։
«Նրանց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան` Վերին Լարս և հետագա ժամանման վայր։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չեն տալիս բեռնատարներին Հայաստան վերադառնալ։ Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, միջազգային առևտրային մի շարք պայմանագրեր կարող են տապալվել։
Դանիելյանը նշեց` արդեն 2 օր է, ինչ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից չի կարողանում հանգամանալից պատասխան ստանալ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անցակետի հատման պայմանների խստացումը կապում է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ։ Նա չի բացառում, որ իրավիճակը որոշակիորեն կբարելավվի անցակետում լրացուցիչ գծերի բացումից հետո (նախատեսվում է նոյեմբերին,- խմբ.)։
Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:
Բանն այն է, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը պարբերաբար փակվում է։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։