Ընդդիմությունը միշտ էլ ԱԺ-ում է եղել: «Հայաստան» խմբակցությունն այս ժամանակահատվածում աշխատել է իր սեփական օրակարգով:Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու որոշմանը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս այս իշխանությունն ԱԺ-ում քննարկումներ է իրականացնում՝ մեր իրական վիճակից կտրված: Մեր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերել են անվտանգությանը, պաշտպանությանը և Արցախին, նրանց կողմից մերժվել են, իսկ իրավիճակային գնահատումից զերծ որոշումներ ընդունելը բերել է այնպիսի իրավիճակին, ինչպիսին մեր երկրում է»,-ասաց Օհանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միտումնավոր գնում են խաղաղության կեղծ օրակարգի, ինչն էլ ընդդիմութանը ստիպեց, որ իր գործունեությունը շարունակի փողոցում: Ըստ Օհանյանի՝ ընդդիմությունը երեք կարևոր հարց լուծեց փողոցում. առաջին՝ գեներացրեց ժողովրդի պայքարի ոգին, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել իր ինքնության համար, երրորդ՝ եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին, մենք կանխարգելեցինք. « Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են: Մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մեր գործունեությունը շարունակենք ԱԺ-ում, իսկ մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը, ինչպես նաև սոցիալական խնդիրներին, տնտեսական վիճակին, պետական կառավարմանը և այն»,-հավելեց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։