Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները և ավտոմեքենայի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Պարզվել է, որ VAZ 2106 մակնիշի ավտոմեքենան այրվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում։ Ու մինչ հրշեջների ժամանումը, վարորդին՝ Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Սարդարյանին և ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Հունան Ալիխանյանին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում նախաքաննություն է սկսվել՝ պարզելու ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը։