00:00:00

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Audi Q5-ն ու VAZ 21015-ը. վերջինս մեջտեղից կիսվել է․ կա 1 զոհ, 4 վիրավոր

16:30, 12 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են ռուսական համարանիշներով Audi Q5 մակնիշի և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության Մարտունու բաժնի, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին նաև օգնել են և մինչ շտապօգնության ժամանումը առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունքի ծառայողները։ Վերջիններս վիրավորներին նաև մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր  Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արթուր Մանուկյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Ա․ Գրիգորյանի որոշմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն ու նույն մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Իսկ VAZ 21015-ը մի քանի մասերի է բաժանվել, շպրտվելով տաբեր հատվածներ, այդ թվում՝ երթևեկելի գոտուց դուրս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր