00:00:00

Նոր վարկած՝ սպանության գործով․ պեմզաշենցի կնոջ ազգականը Գյումրիում սպանված հավաքարարն է

12:16, 11 նոյեմբեր 2022 Հասարակություն

Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մ.֊ի և նրա երկու անչափահաս զավակների՝ 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու դաժան սպանությունը դեռևս չբացահայտված է․ իրավապահները գիշեր-ցերեկ աշխատում են այդ ուղղությամբ։ Ու քանի դեռ կասկածյալ չկա, սպանության շարժառիթի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Այս մասին գրում է Aravot.am-ը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին։ 

Տարածված վարկածներից մեկը սահմանախախտման մասին է, կան որոշակի պնդումներ, որ այդպիսի դեպք հաստատ գրանցվել է հայ-թուրքական սահմանի այն հատվածում, որտեղ փշալարեր անգամ չկան, նույնիսկ որոշ ժամանակ առաջ սահմանը հատել ու տրակտոր էին գողացել։ Նման վարկած շրջանառողները թշնամական հետք են տեսնում այս սպանության մեջ։ 

Կան ենթադրություններ, որ հանցագործություն կատարողը կարող է լինել այս ընտանիքին ծանոթ մարդկանցից մեկը, որն իմանալով, որ ամուսինը խոպանում է և հնարավոր է` գումար ուղարկած լինի, անարգել մտել է տուն՝ փողի ակնկալիքով ու գնացել է այդ անմարդկային քայլին։

Սակայն, այս վարկածը կարծես հերքվում է, ըստ նախնական տեղեկությունների, տանից ոչինչ գողացված չէ, անգամ պահարանի դարակները տեղաշարժված չեն, նույնիսկ սպանված կնոջ ոսկյա ականջօղերը չեն հանել։ Ոստիկանության լրատվմիջոցի աղբյուրների փոխանցմամբ էլ, մի նոր վարկած ևս ուսումնասիրվում է․ իրավապահները բարեկամական կապ են գտել Գյումրիում վերջերս սպանված մանկապարտեզի 60-ամյա հավաքարար կնոջ և պեմզաշենցի այս ընտանիքի հոր ազգականներից մեկի միջև։ Երկու դեպքում էլ  կարծես հանցագործության նույն ձեռագիրը լինի․ 60-ամյա կնոջ դեպքում էլ պարանոցն էին կտրել։ Այս դեպքը ևս դեռ չբացահայտված է, այն տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին։ Կասկածում են՝ գուցե ինչ-որ մեկը վրեժ է լուծո՞ւմ։ 

Իհարկե, սա ևս քննության է առնվում, ճշտվում իրավապահների կողմից։ Սպանված երիտասարդ կինը՝ Զարինեն, ըստ նրան ճանաչողների, մեծացել է մանկավարժի ընտանիքում, նա Գուսանագյուղից է, հարս է եկել Պեմզաշեն։ Նրա ծնողները լուրջ, յուրահատուկ մարդիկ են, նույնքան հավասարակշիռ անձ է եղել նաև նա։ Սպանված կնոջ հայրը երկար տարիներ եղել է Գուսանագյուղի դպրոցի տնօրենը, նա ֆիզիկա-մաթեմատիկայի ուսուցիչ է։ 

 

Ըստ դատախազության տարածած տեղեկատվության․ «Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր