Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
26 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և նոր անկախացած մեր պետությունում ձևավորվեց հանրային կառավարման համակարգ, որը համայնքի բնակչությանը վերապահում է տեղական նշանակության հարցերն ինքնուրույն լուծելու, համայնքային ունեցվածքն օգտագործելու և տնօրինելու իրավունք, և այդ համակարգը դարձավ կապող կարևորագույն օղակ բնակիչ-համայնք-պետություն շղթայում:
Հետադարձ հայացք գցելով տեղական ինքնակառավարման համակարգի տարիների ընթացքին՝ կարելի է արձանագրել, որ համակարգը ոչ միայն հասցրել է կայանալ, այլև զարգանում է արագ տեմպերով՝ կատարելով այն պատասխանատու առաքելությունը, որը ստանձնել է։
Համակարգի զարգացման կարևորագույն նախադրյալներից են տեղական ինքնակառավարման մարմինների բաց, թափանցիկ ու հաշվետվողական գործելաոճը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման գործընթացներին հանրային մասնակցությունը: Եվ այս գործոններն են, որ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահության ավելացմանը:
Այսօր, երբ մեր երկրում իրականացվում են վարչատարածքային բարեփոխումներ, և ձևավորվել են խոշորացված համայնքներ, ՏԻՄ-երի դերակատարությունն ավելի է կարևորվում. որքան վստահելի է տեղական ինքնակառավարման մարմինը, այնքան երաշխավորված է տվյալ համայնքի զարգացումը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻ համակարգի բոլոր ներկայացուցիչներին, իմ գործընկերներին մաղթում եմ նորանոր հաջողություններ և հաստատակամություն իրենց պատասխանատու գործում: