Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է. Ա.-ն ազատ է արձակվելու, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի՝ նախօրեին «Facebook» սոցիալական ցանցում արված գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը:
Նշված գործով Է. Ա.-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով», - ասվում է դատախազության հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։