ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ):
Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են իրավական ակտերով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները.
- չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից.
- արտադրական շինություններում պահվել են սարքավորումների ընթացիկ լվացման ու ախտահանման հետ կապ չունեցող, չօգտագործվող նյութեր և պարագաներ.
- սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող ջուրը չի համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին.
- իսկ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ.
- սանիտարական անձնագիր չի ունեցել նաև արտադրմասի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: