«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, այսօր այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74 կմ) հատվածներ։
Նշված երկու ճանապարհահատվածն էլ վերակառուցվում/հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Երկու տեղամասում էլ շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Այժմ հիմնականում կատարվում են ճանապարհների կահավորման աշխատանքներ։
Ե՛վ Մ-6-ում, և՛ Թալին-Լանջիկում շինարարներն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն ԱԶԲ պատվիրակությանը մանրամասն ներկայացրել են կատարված աշխատանքները։ Քննարկվել են ճանապարհաշինական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։