00:00:00

3 ամիս հետո նոր գտանք․ 22-ամյա Դավիթին հուղարկավորել են եղբոր ծննդյան օրը

20:57, 03 նոյեմբեր 2022 Հասարակություն

Երկու տարի առաջ զորացրվելուց հետո Դավիթ Խլղաթյանը 2020 թվականի 44- օրյա պատերազմի ժամանակ մեկնում է ռազմաճակատ։ Դավիթը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից էր։ Ապրում էր ծնողների և երկու եղբայրների հետ։ Պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին «պավեսկա» է ստացել, որ պետք է մեկնի Արցախ։ Դավիթն  առանց մեկ րոպե մտածելու  հագնում է զինվորական համազգեստն ու շտապում Արցախ։

Դավիթի հարազատներից Գայանե Արշակյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը մշտապես հայրենասեր է եղել, և ծառայությունից հետո երբ ամեն անգամ թշնամին խախտում էր հրադադարի ռեժիմը, Դավիթն անհանգստանում էր։ Զինվորական համազգեստով էր զորացրվել, այն խնամքով պահում էր պահարանում, ասելով, որ մի օր պետք կգա։

 «Ամսի 28-ից եղել է պատերազմի դաշտում, զոհվել է Ֆիզուլիում։ Հոկտեմբերի 24-ին է վերջին անգամ խոսել մոր հետ, դրանից հետո որեւէ տեղեկություն չենք ունեցել։  Երեք ամիս շարունակ փնտրել ենք, հետո պարզվել է, որ Գորիսի դիահերձարանում է, դրանից հետո բերել են Էջմիածնի դիահերձարան հունվարի 4-ին, հունվարի 5-ին էլ դիակը մեզ են տվել, հաջորդ օրը՝ հունվարի 6-ին եղբոր ծննդյան օրը հանձնել ենք հողին»,- պատմեց Դավիթի մորաքրոջ աղջիկը։

22 տարեկան էր Դավիթը։ Բանակից հետո այգեգործությամբ էր զբաղվում։ «Հիմնել էր 15 հեկտար այգի, ամեն օր աշխատում էր, ծնողներին օգնում, ամեն ինչ անում էր ընտանիքի համար»,- ասաց Գայանե Արշակյանը։

Վերջին անգամ Դավիթը մոր հետ խոսել է հոկտեմբերի 24-ին։ «Մորաքուրս ասել է, որ Դավիթ հեռուստացույցով վատ բաներ են ասում, ասել է մամ մի լսեք, անջատեք, խափում են։ Միշտ հանգստացնում էր ընտանիքի անդամներին, բայց վերջին անգամ նաև ասել է, որ իրենց լավ նայեն»,- պատմեց Գ․ Արշակյանը։  

Դավիթ Խլղաթյանին հուղարկավորել են հայրենի գյուղի գերեզմանատանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր