SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 31-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևանի վարչական տարածքում գտնվող բնակավայրերից մեկը, որտեղ պետք է բուժօգնություն ցուցաբերեին 1.5 ամսական տղա երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ հասնելով նշված հասցե՝ երեխային հայտնաբերել են մահացած։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում երեխային 34-ամյա մայրը հայտնել է, որ որդին նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում իրենց տանը իր ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Երեխայի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։