Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ջերմ հանդիպում են ունեցել։ «Դեպքը» տեղի է ունեցել Երևանի Աբովյան փողոցում։ Նախկին ու ներկա նախարարների հանդիպումը պատահական է եղել, բայց նախարարության տեսախցիկն այն ֆիքսել է ու համապատասխան լուսանկարը տեղադրել ԱՆ ֆեյսբուքյան էջում։
Բանն այն է, որ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։ Ըստ հաղորդագրության՝ իրազեկման մեկամսյա ակցիաներն այսօր ամփոփվել են քայլերթով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ է տվել, զրուցել նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել, ուստի շատ կարևոր է ուժ ու կամք գտնել ու ժամանակին անցնել բոլոր հետազոտությունները։ «Նախարարը նշել է նաև, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է։ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։ Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել` թե քաղցկեղի ախտորոշմանը և թե բուժմանն ուղղված։
Նշենք, որ Հայաստանում 12592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում շուրջ 1300 նոր դեպք է հաստատվում»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։
Ու հենց այս իրազեկման քայլերթի ընթացքում էլ տեղի է ունեցել Ավանեսյան- Մուրադյան հանդիպումը։
Դատելով լուսանկարից Ավանեյանն ու Մուրադյանը բավականին ուրախ են եղել իրար տեսնելու համար և ջերմ ժպտացել են։
Irakanum.am