00:00:00

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes G500-ն ու Kia-ն, կան վիրավորներ․ «Յաշիկը» կողաշրջվել է ճանապարհի մեջտեղում․ Kia-ն էլ կողաշրջվելով, հայտնվել է բնակչի այգում

18:16, 29 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ գյուղամիջյան ճանապարհի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G500 և Kia մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, Kia-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։

Վթարի հետևանքով մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղի բնակիչները և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև «Արմավիր» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր