ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Վահե Ղազարյանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման 30-ամյակը։ Նա ընդգծեց, որ առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում հանցավորության այնպիսի ոլորտների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբերհանցավորությունն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն։
ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց շարունակել ջանքները՝ ուղղված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարին:
Յուրգեն Շթոքը խոսեց նաև հանցավորության նոր տեսակների մասին։ Կողմերը քննարկեցին դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ ծանոթացան ստորաբաժանման աշխատանքին։
ՀՀ ոստիկանության պետը, ողջունելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի անձնակազմին, շնորհավորեց 30-ամյակի կապակացությամբ։ Նա նշեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն միջազգային հանցավորության դեմ պայքարում իր ուրույն տեղն է գրավել Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ների շարքում եւ արժանի հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի ոստիկանության, նաև այլ իրավապահ մարմինների ու գերատեսչությունների շրջանում։
Շնորհավորական խոսք ասաց նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նա ընդգծեց բյուրոյի կողմից իրականացվող կարևոր աշխատանքը, շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, ինչի նպատակը աշխարհն ավելի ապահով դարձնելն է։
Ելույթ ունեցավ նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը։ Ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ինտերպոլի գլխավոր քարտուղարին ու ՀՀ ոստիկանության պետին բարեմաղթանքների համար՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում բյուրոն կշարունակի պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրեց գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով ու հուշանվերներով։