00:00:00

«Այդ մասին պայմանավորվածություններ չեն եղել». Ադրբեջանի փոխվարչապետը պատասխանել է երեք անցակետերի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

14:32, 27 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ այդ կետերից բխող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների պատճառով պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար։

Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային։ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություններ չեն եղել։ Ուստի, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառը նույն մոնիտորինգով առաջարկվող մայրուղու օպտիմալ երթուղին Հայաստանի կողմից ներկայացնել չցանկանալն է», - ասել է նա, ում խոսքերն է մեջբերել «ԱՊԱ» գործակալությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հիշեցրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։

 

«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - «Թվիթեր»-ում գրել էր Փաշինյանը։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր Փաշինյանին՝ հայտարարելով, թե անիրատեսական են համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», - ասել էր վարչապետը։

Օգոստոսի18-ին, արդեն, ԱԱԾ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային),  Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր