Առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող այն ուսանողներն, ովքեր ՀՀ զինված ուժեր զորակոչվելու պահին սովորում են բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատում, զինվորական ծառայության ավարտից հետո կարող են պահպանել ԲՈՒՀ-ում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը․ օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։
Նախագծի ընդունման դեպքում՝ տվյալ իրավունքից կարող են օգտվել նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ԱԾԽՄ երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող ուսանողները՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը:
Կապահովվի նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։ Մինչ նախագծի ընդունումն, այս պահին գործող կարգավորումներով, վերոնշյալ երկու կատեգորիաների ուսանողների համար անվճար ուսումնառության տարիքը սահմանվում է մինչև 23 տարեկանը, իսկ ԱԾԽՄ երեխաները նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունքի հնարավորություն չունեն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն