ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու դեպքում նախատեսվում է ստանալ 25 տարի ժամկետով 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով վարկ, որով նախատեսվում է ընդլայնել ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:
Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց: Դրանք են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի և Աշտարակի ավագ դպրոցները, Երևանի թիվ 139 ավագ դպրոցը:
«200 դպրոցներ կստանան անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ, կստեղծվեն 80 նախակրթարաններ, բուհերը կստանան դրամաշնորհներ՝ իրականացնելու նորարարական և զարգացման ծրագրեր, կհիմնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ ու գերազանցության կենտրոններ»,- ներկայացնելով վարկային համաձայնագիրը՝ նշել է նա:
Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրի կրթության ոլորտին առնչվող բարեփոխումներին, որոնցով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Բացի դրանից` մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր դպրոցներում նախատեսվում է ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, որոնք կնպաստեն ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանը:
Ծրագրի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում: Նշվել է, որ վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով, որի 14,5 տարին արտոնյալ է, տոկոսադրույքը` տարեկան 0,25 տոկոս:
Ժաննա Անդրեասյանը, ի պատասխան պատգամավորների հարցերին, նշել է, որ ՀՀ կառավարությունը դպրոցաշինության աշխատանքներն իրականացնում է տարբեր ծրագրերի միջոցով: Քննարկվող վարկային համաձայնագրով նախատեսվում է իրականացնել ծրագրված աշխատանքների մի մասը:
Նշենք, որ հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: