Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը պնդում է՝ Ալեքսանյանին կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսևորում կլինի:
«Ըստ ներկայացված կալանավորման միջնորդության՝ Է. Ալեքսանյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել հանցանք, թաքնվել, օգտվելով իր հեղինակությունից ու կապերից, ազդել դեռևս անհայտ անձանց վրա և թաքցնել ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:
Սակայն արդեն շուրջ մեկ օր ազատության մեջ լինելով՝ միակ բանը, որ նա անում է, դա, իր ընտանիքի և ընկերների ներկայությունն ու օժանդակությունը վայելելով, սպասելն է դատական ակտի հրապարակմանը:
Այս պայմաններում նրան կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսևորում կլինի»:
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։