«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկում տիրում է «բարդակ», որը ստեղծել է հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։ Irakanum.am-ին հիմնարկի որոշ աշխատակիցներ, որոնց անունները իրենց խնդրանքով չենք հրապարակում մանրամասներ հայտնեցին կառույցում տեղի ունեցող զարգացումներից։ Այսպես, դեռ գարնանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով հիմնարկում տիրող վիճակին, մտահոգություններ էր հայտնել, այն առնչությամբ, որ հիմնարկի մեքենաները գտնվում են մեղմ ասած անմխիթար վիճակում։ Մանուկյանին արված նկատողությունը, վերջինս չէր «մարսել» և փորձել էր մեղքը բարդել վարորդների վրա, ասելով։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ասում են վարորդները, նշելով, որ Մանուկյանին առհասարակ մեքենաների վիճակը չի հետաքրքրում, քանի, որ վերջինս կառույցը վերածել է խնամի-ծանոթ- բարեկամ «դուքյանի» և զբաղված է բացառապես իր նեղ անձնական շահերով։
Իսկ թե՞ մեքենաները անցնում են պատշաճ տեխզննության, արդյո՞ք մեքենաների սպասարկումը կատարվում է սահմանված ժամկետներում, բացի այդ պահեստամասերը, որոնց համար հիմնարկից փող է դուրս գրվում, արդյո՞ք իրականում փոխարինվում են նորերով, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ քաղաքային իշխանությունները պարտավոր են հետամուտ լինել։
Վարորդները նաև նկատում են, որ աշնանը սովորաբար աղբը քաղաքում պակասում է, սակայն դատելով քաղաքում տիրող վիճակից կարելի է ասել, որ անգամ առկա քանակով նրանք չեն կարողանում մաքուր պահել Երևանը։ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկում բազմաթիվ այլ խնդիրներ ևս կան, որոնք սակայն ղեկավարությանը չեն հետաքրքրում, բոլոր այն վարորդները, ովքեր կփորձեն խնդրի մասին խոսել, անմիջապես հեռացվում են աշխատանքից։ Մեր տեղեկություններով միայն այսօր հինգ վարորդ աշխատանքից ազատվել է։ Ի դեպ հիմնարկին չի հաջողվում համալրել նոր հաստիքներ։ Մենք տեղեկացանք, որ շուրջ 200 հավաքարարի հաստիք է նախատեսված, սակայն մինչ օրս այն չի համալրվել։
Հիմա այն մասին, թե Հովհաննես Մանուկյանի ազգականներից ովքեր են սահուն կերպով տեղավորվել աշխատանքի հիմնարկում։
«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկում աշխատում է Մանուկյանի քրոջ որդին՝ Արտյոմ Առաքելյանը, «բաջանաղը»՝ Դավիթ Գրիգորյանը, ընկերոջ որդին՝ Մուրադ Աբրահամյանը, և Մանուկյանի մեկ այլ ընկեր՝ «Բասվոյաժի» վարորդ Վահե Ոսկանյանը, ով համատեղության կարգով ձևակերպված է որպես հիմնարկի «գառաժի» վարիչ։
«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները հրավիրում են քաղաքային իշխանության ուշադրությունը, հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել Մանուկյանի գործունեությունը ուսումնասիրելու համար, շեշտելով, որ արդյունքում ավելի շատ կեղտ կհայտնաբերվի, քան ամբողջ մայրաքաղաք Երևանում։
Irakanum.am