Այսօր Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 5 ծառայողների՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի, լեյտենանտներ՝ Տիգրան Պետրոսյանի , Բենիկ Համբարձումյանի, Հրայր Դանիելյանի և սերժանտ՝ Աշոտ Դալլաքյանի հիշատակի օրն է: Այս մասին հայտնու են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունից:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել և հերոսական ուղի է անցել նաև ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմը: Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող:
Արսեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը , Բենիկ Համբարձումյանը, Հրայր Դանիելյանը և Աշոտ Դալլաքյանն անմահացել են ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում:
ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը՝ համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին:
Վերջիններս հետմահու պարգևատրվել են պետական ու գերատեսչական մեդալներով ու շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Արիություն» մեդալով: Հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար՝ ոստիկանության 2 ծառայող արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի:
Խունկ և օրհնություն մեր հերոս եղբայրների անմահ հիշատակին: