Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի առաջային մակերեսի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Պետիկ Հ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ Պետիկ Հ․-ն նշված վնասվածքը ստացել է հոկտեմբերի 13-ին ժամը 21։50-ի սահմաններում իրենց տան բակում իր մորեղբոր որդի՝ 17-ամյա Արգիշտ Խ-ի կողմից վիրավորին պատկանող «Տիր» տիպի զենքով, ըստ նախնական տեղեկությունների՝ պատահաբար կրակելու հետևանքով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։