Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել էր «անվստահություն» անունով ներկայացում բեմադրել: Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամներից տասը հոգի հանդես էին եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկությամբ: Ընդ որում, նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ավագանիում Սամվել Բալասանյանի ամենամերձավոր անդամները, որոնք քաղաքապետի հետ կապված են նաև բիզնես գործունեությամբ: Բայց նրանք իրականում ոչ թե Բալասանյանի դեմ էին դուրս եկել` փորձելով պաշտոնանկ անել նրան, այլ ընդհակառակը՝ ցանկություն ունեն ամրապնդելու Բալասանյանի դիրքերը:
Այսօր տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ բուռն քննարկումներից հետո ՀՎԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը, ԳԱԼԱ խմբակցությունը 15 րոպե ընդմիջում խնդրեց: ԲՀԿ խմբակցությունը ի սկզբանե բոյկոտում էր նիստը: ԲՀԿ-ից ներկա էին միայն այն երկու անդամները, որոնք ստորագրել են անվստահություն հայտնելու նախագծի տակ:
ԳԱԼԱ- խմբակցությունը եւս հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները, ովքեր նախաձեռնել էին անվստահություն գործող քաղաքապետին եւ առաջարկել էին քաղաքապետի նոր թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին, քվեարկության ժամանակ բոլորը անխտիր մերժեցին իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուին եւ դեմ քվեարկեցին նրան: Ինքը՝ Տիգրան Հովհաննիսյանը, եւս դեմ քվեարկեց ինքն իրեն: