Արցախի պաշտոնական պատվիրակությունները տարբեր մակարդակներով, շարունակում են գալ Հայաստան՝ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ձևակերպված նպատակը՝ դիրքորոշումների ճշգրտումն է և Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ մանրամասներ իմանալը։
Միանգամից ասեմ՝ անիմաստ նախաձեռնություն, ժամանակի կորուստ և ինքնախաբեությամբ զբաղվել։
ՀՀ իշխանությունը՝ Նիկոլից մինչև խորհրդարանական մակարդակ, և՛ Արցախի հարցով իր դիրքորոշումն է արտահայտել, և՛ իր անտարբեր վերաբերմունքը՝ արցախցիների ճակատագրի վերաբերյալ։
Արցախի հարցով նշաձողի իջեցումից մինչև Արցախը Ադրբեջանի կազմում ապագա տեսնողների հետ հանդիպում/քննարկումները ոչ միայն ընկալելի չեն, այլև անհասկանալի են, վտանգավոր։
Վերջապես հասկացեք՝ դրանք պարզ, մատչելի, հստակ ձևով ի լուր բոլորիս ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս են համարում, բանակցություններն այդ տրամաբանության ներքո են, դա տեսանելի է ընթացող պրոցեսից, էլ ի՞նչ լեզվով պետք է ասեն, որ վերջ դնեք ձեր անուղղելի լավատեսությանը և զբաղվեք իրական օրակարգերով», - Facebook-ում գրել է պատգամավորը: