Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում կտնկվի շուրջ 6000 անտառային և դեկորատիվ տեսակների ծառ ու թուփ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության մասնագետները նախքան գործը սկսելը ուսումնասիրել և փոխառել են ժամանակին այստեղ արված կանաչապատման փորձը:
«Այստեղ հողը շատ վատ վիճակում էր, որովհետև տարիների ընթացքում չի մշակվել, գույնից նույնիսկ տեսանելի է, բացի այդ, բարձր քարքարոտություն կար: Երկար քննարկելուց հետո որոշեցինք խրամատներ փորել, դրանք նրա համար են, որ ոռոգման ջուրը, հալոցքներն ու անձրևաջրերը խնայողաբար օգտագործվեն բույսի համար»,- նշել է ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը:
Նա տեղեկացրել է, որ աշխատանքների մեծ մասն ավարտված են, այժմ խրամուղիները հարստացվում են սևահողով: Տնկվելու են թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ։ Այս ծառատեսակները հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:
Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 15-ին։
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ Երևանում կվերականգնվեն 10 անտառային տարածքներ, ինչի համար առաջիկայում ծառատունկեր կարվեն։