00:00:00

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

16:02, 13 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։ Այս մասին նշված է Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակված է «Արցախի ժառանգություն» ֆեյսբուքյան էջում։

«Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․)։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից։

Որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր