Մայրաքաղաքի բնակիչների կարիքներն ու խնդիրները հասկանալու լավագույն մոտեցումն անմիջական շփումն է: Աջափնյակում վարչական շրջանի ղեկավարի հետ այս անգամ քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կոմունալ-կենցաղային, կրթական ու սոցիալական բնույթի հարցեր, շինարարության թույլտվության տրամադրում, ապօրինի շինարարություն, վթարային շենքեր. բնակիչներն ընդունելության տարբեր խնդիրներով էին եկել:
Կուտակված խնդիրների հարցում բանաձևը հստակ է. փոխքաղաքապետ Ավինյանը վստահեցնում է` առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն հանրային և ոչ անհատական շահի վրա:
Հաշվի առնելով ընտրված ձևաչափն ու հնարավորությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի հետ հանդիպման էին շտապել նաև այլ վարչական շրջաններից:
Բարձրացված որոշ հարցերի վերաբերյալ հենց տեղում տրվեցին պատասխաններ և պարզաբանումներ: Այն խնդիրները, որոնք լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն ունեին, պատասխանատուներին հանձնարարվեց ցուցաբերել հետևողականություն ու հնարավորության դեպքում կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց: