00:00:00

Արտակարգ իրավիճակ Երևանում․ էլիտար շենքի տարածքում տեղի է ունեցել հսկայական ժայռաբեկորների փլուզում․ ժամանել է փրկարարական խումբ

11:21, 01 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի տարածքում փլուզում է տեղի ունեցել։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սարգիս Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Հրանուշ Խաչատուրյանը։

Պարզվել է, որ Արդարադատության ակադեմիայի հարակից շինհրապարակում տեղի է ունեցել հողաշերտի և հսկայական և ապառաժ տուֆ քարերի փլուզում, ինչի հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարսպի մի հատված, կոտրվել նստարաններ, առաջացել են վտանգ ներկայացնող ճաքեր։

Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով չի վնասվել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին ակադեմիայի տարածքում կանգնեցված խաչքարը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշեն բաժանմունքի նշված տարածքն սպասարկող քրեական հետախուզության խմբի օպեր լիազոր Գրիշա Ոսկանյանն ու համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննես Հովհաննիսյանը

Նշված վայրում կառուցում է էլիտար շենք։ Սակայն, չգիտես ինչու, բացակայում է այն ցուցանակը, որը օրենքի պահանջով՝ կառուցող ընկերությունը պետք է փակցրած լիներ այդ ցուցանակը, որի վրա գրված պիտի լիներ, թե ով է կապալառուն, պատվիրատուն, շինարարության թույլտվութունը երբ է տրվել, ում կողմից, երբ է ավարտվելու շինարարական աշխատանքները, այդ թվում՝ կառուցումը։ Մինչդեռ տեղադրված էին միայն ինչ-որ գովազդային պաստառներ, ինչպես նաև «խնդրում ենք չկայանել, առկա է փլուզման վտանգ» ցուցանակներ։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։

Իրավիճակի մասին ոստկանությունը տեղեկացրել է նաև Երևանի քաղաքապետարան ու Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

   
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր