ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Մեխիկոյում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը խթան կհանդիսանա օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման ուղղությամբ՝ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և համատեղ ծրագրեր մշակելու համատեքստում:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովը» (Mondiacult 2022) իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հովանու ներքո և հյուրընկալվում է Մեքսիկայի կառավարության կողմից:
1982 թվականին Մեխիկոյում (Մեքսիկա) տեղի ունեցած առաջին Mondiacult մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովից քառասուն տարի և 1998 թվականին Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության զարգացման համաշխարհային կոնֆերանսից 24 տարի անց համաշխարհային համաժողովը նոր խթան կհաղորդի «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ քաղաքականության երկխոսությանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններից մեկն է:
MONDIACULT 2022-ը բացառիկ հնարավորություն է շարունակելու ընդհանուր օրակարգի կառուցումը, որտեղ մշակույթը գտնվում է համաշխարհային զարգացման օրակարգի կենտրոնում:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու չորս թեմաների՝ «Նորացված և ուժեղացված մշակութային քաղաքականությունը», «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման», «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ», «Ստեղծագործական տնտեսության ապագան»: