Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 44 հասցեի մոտ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Ս-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Պարզվել է, որ Մխիթար Ս-ն նշված հասցեի մոտ հոսանքահարվել և տեղում մահացել է։ Նա աշխատում էր «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ում։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: