Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի հայտարարած մասնակի զորահավաքը խուճապ է առաջացրել երկրում։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ հազարավոր քաղաքացիներ փորձում են լքել երկիրը, իսկ Վերին Լարսում և այլ սահմանային անցակետերում կուտակումներ են առաջացել։ Նշվում է, որ որոշ քաղաքացիներ, այդ թվում հայեր, տեղափոխվում են Հայաստան։ Միևնույն ժամանակ, Կրասնոդարի մարզից ստացվող մեր տեղեկությունների համաձայն՝ որոշ դեպքերում մոբիլիզացիան ուղեկցվում է բռնաճնշումներով։ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքից տարածված ցուցակներում, ըստ հաղորդումների, զգալի թիվ են կազմում հայ ազգանունները։
Irakanum.am-ին հաջողվել է կապ հաստատել Կրասնոդարի մարզում բնակվող հայերի հետ, որոնք հաստատել են այդ տեղեկությունները և կիսվել սեփական փորձով։ Տեղի հայերից Ալբերտ Դավթյանը, ով մինչ այս բնակվում էր Լազարևսկոյե բնակավայրում, նշել է, որ իր կարծիքով՝ որոշ անձանց նկատմամբ կիրառվում են ազգային և քաղաքական հիմքով ճնշումներ։ Նրա խոսքով՝ նույնիսկ ՌԴ քաղաքացի չլինելու պարագայում իրեն ստիպել են ներկայանալ որպես կամավոր՝ սպառնալով քրեական գործերով։ Մեր հարցին՝ արդյոք պատրաստվում է Հայաստան գալ, Դավթյանը պատասխանել է, որ արդեն լքել է Կրասնոդարի մարզը՝ անվտանգության նկատառումներով։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ևս իր ընտանիքը ենթարկվել է հետապնդումների, սակայն խուսափել է մանրամասներ հրապարակել։
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, օրերս անդրադառնալով փաստաթղթին, նշել էր. «Ռուսաստանի ներկայիս հայատյաց իշխանությունները ձգտում են ուկրաինական պատերազմի բեռը դնել այլազգիների, առաջին հերթին՝ հայերի ուսերին։ Փաստորեն, խնդիր է դրված՝ զորակոչի միջոցով Ռուսաստանում ևս իրականացնել հայերի էթնիկական զտումներ՝ պատերազմի բովում ցեղասպանելով ռուսաստանահայությանը։ Այդպիսին է այսօր ՌԴ իշխանության ղեկին գտնվող պերմյակովների ծրագիրը»։ Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը, իր հերթին, վստահեցնում է, որ Տուապսեի փաստաթուղթը և դրա շուրջ ձևավորված հակառուսական տրամադրությունները հիմնազուրկ են։ «Ռուսաստանում այլ մարդիկ չկա՞ն, հայերից բացի, որ բոլորին հավաքեն ու ուղարկեն ռազմաճակատ։ Մեկնաբանելու բան էլ չկա։ Դա բացարձակ հիմարություն է»։
Մենք կշարունակենք հետևել ՌԴ-ում ծավալվող իրադարձություններին և կշարունակենք տրամադրել բազմակողմանի և օպերատիվ տեղեկատվություն։
Irakanum.am