Զոհված զինծառայողների ծնողները գնացել են Եռաբլուր և հայտարարում են, որ այստեղ են եկել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին թույլ չտան Անկախության տոնի առթիվ գալ Եռաբլուր։
«Վերջերս Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Հայաստանում դիվերսանտներ կան։ Եվ եթե դիվերսանտ կա Հայաստանում, նշանակում է, որ ամսի 21-ի համար են եկել։ Եվ մենք այստեղ ենք գտնվում, որ չթողնենք ոչ մի դիվերսանտ մտնի Եռաբլուր, դա կլինի ներքին դիվերսանտներ, թե թուրք դիվերսանտներ։
Որքան տեղյակ եմ, իշխանությունները գալիս են Եռաբլուր։ Տրամաբանական է, որ դիվերսանտները եթե մտել են Հայաստան, նրանք կուզեն նաև վնասել այդ իշխանավորներին։ Լավ կլինի, որ իրենք չգան այստեղ, որ հանկարծ դիվերսանտները չգան և նրանց վնասելու պատրվակով նաև մեր տղաների անդորրը խանգարեն։ Այդ իսկ պատճառով այստեղ ենք գտնվելու, որ իրենց էլ ասենք՝ մի եկեք, որ հանկարծ չխանգարվի մեր տղաների անդորրը»,– ասաց ծնողներից մեկը։
Նա նաև նշեց, որ նաև պաշտոնյաների անվտանգության համար են մտածում, քանի որ հենց նրանք են դիվերսանտների թիրախը։ «Լավ կլինի, որ չգան այստեղ»,–ասաց նա՝ տեղեկացնելով, որ ողջ գիշեր գտնվելու են Եռաբլուրում, որպեսզի առավոտյան իշխանություններին թույլ չտան մուտք գործել Եռաբլուր։
Զոհվածի ծնողը նաև կոչ արեց ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց Եռաբլուրում։