«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
Հայաստանի Հանրապետությունում լրագրողների մասնագիտական գործունեությունը, անձնական արժանապատվությունը, հոգեկան և ֆիզիկական առողջությունը ծայրահեղ վտանգված է: Հատկապես ոչ իշխանական լրագրողների նկատմամբ ոտնձգությունները հաճախ հասնում են այն աստիճանի, որ կարող են սպառնալ անգամ նրանց կյանքին:
Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությունը լրագրողների նկատմամբ, որպես պատժիչ միջոց, ծայրահեղ ապօրինությամբ կիրառում է ուժային և քրեաօլիգարխիկ համակարգերը:
Մասնավորապես՝ ոստիկանության (նույնիսկ զորքերի), ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի, քննչական ու դատախազական համակարգերի և վարձու «ջոկատների» միջոցով բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում են հարկադրանքի ոչ իրավաչափ և անթույլատրելի միջոցներ, ֆիզիկական բռնություններ, հաշվեհարդարի սպառնալիքներ:
Այդպիսի բացահայտ օրինակներ են 5-րդ ալիքից Լառա Առաքելյանի և Կարինե Մանգասարյանի, Yerevan.Today-ից Սյուզի Բադոյանի, Panorama.am-ից Լիլիան Գալստյանի, MediaHub-ից Նարե Գնունու, Արման Ղարաջյանի և բազմաթիվ այլ լրագրողների ու օպերատորների նկատմամբ կատարված բազմաթիվ հայտնի դեպքերը: Դրանցից ամենաթարմ և աննախադեպ ապօրինությամբ ու ֆիզիկական բռնությամբ դեպքը խորհրդարանում կատարվեց MediaHub.am լրատվական կայքի ներկայացուցիչ Անի Գևորգյանի նկատմամբ:
Ուսումնասիրությունները փաստում են, որ լրագրողների նկատմամբ ապօրինի հարձակումների հիմնական դեպքերում դրանց կազմակերպիչները, օժանդակողները, դրդիչները, կատարողներն ու համակատորղները նույն անձինք են, որոնք, հիմնականում, զբաղեցնում են հանրային պաշտոններ (պատգամավորից մինչև ՊՊԾ ծառայող և շարքային ոստիկան):
Ցավոք այս ամենը «չեն տեսնում» Մարդու իրավունքների պաշտպանը, «իրավապաշտպանները», լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչները, ժողովրդավարական պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Այս ամենի արձանագրումը ստիպում է մասնագետներիս, որպեսզի սկսենք խորությամբ և վճռականությամբ զբաղվել լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ: Այդպիսի կարևորագույն առաքելությունը պետք է ստանա ինստիտուցիոնալ ձևաչափ՝ ընդգրկելով արագ արձագանքման խմբեր, փաստաբաններ, իրավաբաններ և անհրաժեշտ այլ մասնագետներ: Կառույցը պետք է ակտիվ համագործակցի միջազգային մասնագիտական կազմակերպությունների հետ:
Արդեն շուրջ մեկ ամիս է աշխատում եմ այդ ուղղությամբ և ունեցել եմ տարբեր մասնագետների հետ բազմաթիվ քննարկումներ և պայմանավորվածություններ:
Հարգելի փաստաբաններ, իրավաբաններ, օտար լեզուների մասնագետներ և հասարակական գործիչներ,
եթե հետաքրքրված եք այս առաքելության ստեղծմամբ և պատրաստ եք արագ միանալ կարևոր գործին, ապա խնդրում եմ արձագանքել: