Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX470 և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատկից 1 մարտական հաշվարկ:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դիատարին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Արայիկ Խաչատրյանն ու Տիգրան Սարդարյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Վթար մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: