Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի 33-ամյա Անտոն Նիկոլաևիչի վարած Volkswagen մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Հարությունյանի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Իսկ Ա․ Նիկոլաևիչն ու Կ․ Հարությունյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Լիաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Իսախանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Թելոյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։