Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վարորդը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1 –ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ռազմիկ Բոշյանի և Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Վրաերթի փաստով Ռ. Բոշյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: