Կարծիք կա, թե սոցցանցերը կամ լրատվականները բացառապես բացասական տեղեկություններ տարածելու համար են: Այս անգամ խախտենք այդ վատ «ավանդույթը» և դրականի մասին էլ խոսենք, որպեսզի այն «վարակիչ» դառնա մյուսների համար: Հարազատներից մեկն այստեղ էր՝ Երևանում, մեքենայի առուվաճառքի հետ կապված հարցերով էր զբաղված: Մեքենան պետք էր տանել Հայաստանից: Խնդրեց ուղեկցել իրեն Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժին:
Դժկամությամբ, թե՝ հերթեր կլինեն, քաշքշուկներ, հատկապես այս շոգին, այնուամենայնիվ, համաձայնեցի, քանի որ Երևանում նա այլ հարազատ չուներ: Ուղեկցեցի Ճանապարհային ոստիկանություն՝ թղթաբանությունն ավարտական տեսքի բերելու: Մեծ էր զարմանքս, երբ ում նախկինում տեսածս հերթերից ոչինչ չէր մնացել՝ վճարումդ կատարիր կտրոնդ ստացիր, մոտեցիր համապատասխան պատուհանին, հարցերդ լուծիր: Եվ վերջ: Անզեն աչքով էլ տեսանելի էր այն փոփոխությունը, որը երևաց շուրջ 1.5 տարի առաջվա համեմատ (վերջին անգամ այդտեղ եղել էի նախորդ տարվա ձմռանը, փոքր-ինչ այլ հարցով): Բարեհամբույր սպասարկումը, քաղաքավարի մոտեցումը լրիվությամբ հակասում էին այն ամենին, ինչն այսօր էլ հաճախ լսում ենք ամեն ինչից մշտապես դժգոհ մեր հայրենակիցներից:
Մի փոքր դրվագ ևս՝ փաստաթղթային ինչ-որ խնդիր էր առաջացել, բայց դա ևս հեշտությամբ հարթվեց: Առանձնահատուկ գովասանքի է արժանի բաժնի պետի տեղակալ մի երիտասարդ, ում անուն-ազգանունը, ցավոք, չեմ կարողանում մտաբերել: Իրավապահ համակարգի ծառայողի լավագույն օրինակ էր այս պաշտոնյան՝ բարձր պրոֆեսիոնալիզմի ու մարդկային լավագույն որակների կրող: Հույս ունեմ՝ կկարդա և ինչ-որ չափով իրեն գնահատված կզգա՝ ի պատասխան իր կատարած բարեխիղճ աշխատանքի:
Այս մասին որոշեցի գրել, որպեսզի մյուսները ևս իրենց աշխատանքը լավ անեն ու չկարծեն, թե Հայաստանում ոչ մեկի կատարած աշխատանքը չի գնահատվում: Ո՛չ: Գնահատվում է, և քաղաքացիները շատ լավ են տարբերակում թացը չորից: Այնպես որ, լավին լավ ասել է պետք, վատին՝ վատ:
Լարիսա Հակոբջանյան, լրագրող քաղաք Կրասնոդար