00:00:00

Սուրիկ Խաչատրյանը կարքի չի ունեցել էստեղից-էնտեղից բան «պոկել», իրավապահները շփոթում են իմ վստահորդին շատերի հետ, այս ամենը կապացուցեմ դատարանում խիստ հիմնավորումներով

16:35, 01 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Սյունիքի նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Խաչատրյանը համաձայն չէ ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման հետ, չի պատրաստվում հաշտություն կնքել և  դատարանում պաշտպանելու է իր գույքն ու ակտիվները:

« Օրենքը մեզ թույլ է տալիս հաշտության գնալ, բայց մենք հաշտության եզր չենք տեսնում: Ավելին, գտնում ենք, որ հայցադիմումն ամբողջությամբ անհիմն է»,-  Armday.am -ին այս մասին ասաց՝  Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը:

Փաստաբանը վստահեցնում է՝ Սուրիկ Խաչատրյանն անօրինական գույք չունի, իսկ ինչ էլ ունի՝ բացառապես օրիանական ճանապարհով վաստակած է։

«Նրա ունեցած գույքի ու դրամական միջոցների մասին մենք խիստ հիմնավոր արձագանք ենք պատրաստել ներկայացված հայցադիմումին ու շատ շուտով կներկայացնենք: Նաև հանրությունը կտեղեկանա դրա մասին: Բայց մինչ այդ կարող եմ ասել, որ Սուրիկ Խաչատրյանը աշխատասեր ու գործարար մարդ է եղել, ի տարբերություն շատ-շատ պետական գործիչների, նա մինչև Հայաստան գալը ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն Ռուսաստանում և Ուկրաինայում: Եկել է Հայաստան օգնելու մեր երկրին պատերազմական գործողությունների ժամանակ ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք է բերել Հայաստան: Այսինքն՝ այդ ժամանակ արդեն որոշակի գումարի ու գույքի տեր է եղել ու աղքատ չի եղել»,-ներկայացնում է փաստաբանը:

Զիլֆուղարյանն ասում է՝ իր վստահորդը Հայաստանում միանգամայն օրինական գործունեություն է ծավալել: Դիտարկմանը, թե դատախազության հաղորդագրության մեջ նշվում է նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված հսկայական գումարների մասին, փաստաբանն արձագանքում է. «Դե, հա, հետո ի՞նչ որ ասում ա, էդ իրա եղած գումարներից փոխանցել է օֆշոր, լավ է արել, փոխանցել է: Սուրիկ Խաչատրյանը այն յուրահատուկ անձն է, որ եղել է աշխատասեր ու գործարար, միշտ օրինական ճանապարհով բարիք է ստեղծել իր հարազատների հետ միասին: Իրավապահներն ասում են՝ էսքան բան չէր կարող անել, ունենալ իր աշխատավարձով: Իհարկե չէր կարող, ով է ասում, որ էդ ամենն աշխատավարձով է արել»:

 «Ի տարբերություն շատերի, նա պետական լծակներ չի օգտագործել: Ինքն աշխատել է շնորհքով, իր բիզնեսներով, իր աշխատանքով և վերջապես իր քրտինքով ստեղծել է էդ գումարները: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ իրավապահները Սուրիկ Խաչատրյանին շփոթում են ուրիշների հետ, որոնք ոչինչ չունենալով՝ եկել են պետական պաշտոնի ու սկսել են էստեղից-էնտեղից պոկել, բայց ինքը ոչինչ չի արել: Կարիքը չի ունեցել պարզապես: Այն ամենը, ինչ ասում եմ ձեզ, կապացուցեմ դատարանում: Խոստանում եմ»,- նշում է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման պահանջով Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հայցադիմումը 13-րդն է:Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքեր ու ակտիվներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր