Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ, ЗИЛ 131 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Քոչինյան փողոցում՝ նշված ռեստորանային համալիրի մոտ, ինչի հետևանքով վարորդը՝ 29-ամյա Գոռ Մալխասյանը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի վառելիքաքսուկային նյութերի արտահոսած հատվածում կատարել են հողալցման աշխատանքներ: Օպերատիվ է գործել նաև շտապօգնության թիվ 55 բրիգադը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Էդգար Հովհաննիսյանն ու Նարեկ Զոհրաբյանը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/31/1221232/