Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատում էր, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 3 ամսական տղան գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի փաստով քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։